Նախորդ օրը Ազգային անվտանգության խորհրդի նիստին չի մասնակցել ԱԱԽ անդամ, ԲՀԿ կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր, այլընտրանքի՞ստ, թե՞ ընդդիմադիր, մի խոսքով` Գագիկ Ծառուկյանը (շահարկումներից խուսափելու համար ասենք, որ Արթուր Բաղդասարյանը նույնպես չի մասնակցել` հասկանալի պատճառով):
Լյուդմիլա Սարգսյանին հանդիպող, միտինգներ անող, իշխանափոխության պահանջներ դնող, համաժողովրդական շարժումներ ձեռնարկող, այդ ամենի «արանքում» էլ Լևոն Տեր-Պետրոսյանի հարթակում հնչող քաղաքական վերլուծությունները «խանգարող-չլսող», նկատողություն ստացող, ձեռքի հետ Րաֆֆու փորին «դնգող» Գագիկ Նիկոլայիչը պառլամենտ` իր բուն աշխատանքին չի գնում։ Թերևս, կարող էր, չէ՞, գեթ մեկ անգամ լինել պառլամենտում, յուր աշխատանքի ու հարգանքի թեթև «տուրքը» մատուցել ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Գրիգորիչին, որը վերջին անգամ` «մի քանի դար առաջ», երբ պարոն «մինիստրը», չէ, պարոն «նախագահը», ապագա ¥ասել է, չէ՞, Ծառուկյանը, որ եթե «շատերը» ցանկանան` ես դնեմ իմ թեկնածությունը, կդնեմ, ու որ դնի, հաստատ կընտրվի. ասում են իր մերձավորները¤, ավելի ճիշտ` պարոն «թագավորը» վերջին անգամ եկել էր պառլամենտ, նրան թևանցուկ արած պառլամենտի դահլիճով մեկ տանում-բերում, պտտում էր ոչ այլ ոք, եթե ոչ նույն ինքը` այսօրվա ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչը:
Ի դեպ, ժողովուրդը, որը, հանուն «թագավորի», «հազարավորներով» հավաքվում է Ազատության հրապարակում (իհարկե, հավատացած ենք` այդ ժողովուրդը հավատում է Ծառուկյանին և նրա գաղափարներին, թե չէ ինչու պետք է գար միտինգի), ինչու գեթ մեկ անգամ չի հետաքրքրվում` իրենց ֆավորիտն ինչո՞ւ գործի չի գնում:
Ա՛յ, եթե նույն Գրիգորիչը կամ Սերժ Սարգսյանը չգնան գործի, ի՞նչ կանեն ԲՀԿ-ականները և իրենց սատելիտներն այդ դեպքում… Ասե՞մ, թե՞ գիտեք:
Գիտե՜ք:
Լավ, մեծ բանաստեղծի ասածի հանգույն, Ծառուկյանին «բացակա չդնեք» խորհրդարանում, չնայած վաղուց ժամանակն էր, որ ԱԺ ղեկավարությունը անպատասխանատու և կարգազանց պատգամավորին զրկեր մանդատից:
Դառնանք ու հարցնենք երկրում ընդդիմադիր ու միտինգային ֆուրոր անող ընդդիմադիր քաղաքական գործչին.
-Պարոն Ծառուկյան, ինչո՞ւ չեք մասնակցում ԱԱԽ նիստերին:
-Եթե չեք մասնակցում, ինչո՞ւ դուրս չեք գալիս ԱԱԽ-ից:
-Էլ ի՞նչ պետք է լինի երկրում, որ Դուք պատկերացնեք էս երկրին և Ղարաբաղին սպառնացող վտանգը, և գոնե Ձեր ներկայությամբ ապացուցեք, որ մտահոգ եք այդ վիճակով (չէ՞ որ ուղղաթիռի խոցումը կարող էր և դեռ կարող է հեռուն գնացող անչափ լուրջ հետևանքներ ունենալ. որտե՞ղ եք այդ «պահին» Դուք և Ձեր ղեկավարած ժողովուրդը):
-Պարոն Ծառուկյան, եթե, Աստված մի արասցե, պատերազմը վերսկսվի, Դուք էլի՞ կցանկանաք նախագահ դառնալ:
...Եվ այսպես շարունակ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ